ԱՄՆ Սենատը դատապարտում է Ռուսաստանի գործողությունները Կերչի նեղուցում

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը միաձայն հավանության է արժանացրել մի բանաձև, որը դատապարտում է Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի ժամանակ Ռուսաստանի գործողությունները։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Սենատի մամուլի ծառայությանը։

«Սենատը հավանության է արժանացրել 709 թվակիր բանաձևը՝ դատապարտելով Կերչի նեղուցում Ռուսաստանի սադրանքներն ուկրաինական ռազմածովային ուժերի նկատմամբ», - ասվում է Սենատի մամուլի ծառայության հայտարարության մեջ։

Բանաձևի հեղինակներից մեկը՝ Վիսկոնսին նահանգից հանրապետական սենատոր Ռոն Ջոնսոնը նշել է, որ փաստաթղթում Մոսկվային կոչ է արվում անհապաղ բաց թողնել կալանված նավերը և ձերբակալվածներին։

Նրա խոսքով՝ բանաձևը հեղինակել է շուրջ 50 սենատոր։ Բոլորը միաձայն իրենց աջակցությունն են հայտնել Կիևին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ուկրաինական երեք ռազմանավեր մտել էին Կերչի նեղուց, որտեղ ռուս սահմանապահները կալանել էին դրանք և կրակ բացել նավերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել էր ուկրաինացի 3 զինծառայող։ Հարուցվել է քրեական գործ Ռուսաստանի պետական սահմանները խախտելու հատկանիշներով։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.