Թրամփը խոստացել է հունվարի 1-ից չբարձրացնել Չինաստանի նկատմամբ լրացուցիչ մաքսատուրքերը
Դոնալդ Թրամփը խոստացել է հունվարի 1-ից չբարձրացնել Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերը 10-ից մինչև 25%։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը։
Նրա խոսքով՝ եթե առաջիկա 90 օրվա ընթացքում Պեկինի հետ համաձայնություններ ձեռք չբերվեն առևտրային հարցերում, ապա մաքսատուրքերը կարող են բարձրանալ մինչև նախկինում նշված սահմանը։
Նշվում է նաև, որ Չինաստանը խոստացել է մեծ քանակությամբ ապրանքներ գնել ԱՄՆ-ից առևտրային դիսբալանսը վերականգնելու համար։
«Չինաստանը համաձայնել է ԱՄՆ-ից գնել մեծ քանակությամբ գյուղատնտեսական, էներգետիկ, արդյունաբերական և այլ ապրանքներ, որպեսզի կրճատի երկու երկրների միջև առևտրային անհավասարակշռությունը», - նշել է մամուլի խոսնակը։
Բուենոս Այրեսում տեղի ունեցած G20-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի միջև։ Հանդիպումը տևել է ավելի քան 2,5 ժամ։ Այս բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են ոչ միայն չեղարկել տուրքերը, այլ նաև բանակցություններ սկսել լրացուցիչ սակագների վերացման շուրջ։
Դոնալդ Թրամփի խոսքով՝ հանդիպումը «հիանալի էր և բավական արդյունավետ»։ Չինաստանի արտաքին գործերի նախարարն, իր հերթին, հայտարարել է, որ երկխոսությունն անցել է ընկերական և անկեղծ մթնոլորտում։ Նրա խոսքով՝ երկու երկրների ղեկավարներն էլ համաձայնել են, որ հարաբերությունները անպայմանորեն պետք է կարգավորվեն։
Հիշեցնենք, որ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև փոխադարձ ավելացված մաքսատուրքերն ուժի մեջ են մտել հուլիսի 6-ից։
Այս տարվա ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հրապարակել է չինական 1300 անուն ապրանքներից բաղկացած ցուցակ, որոնց ներկրման վրա կարող են սահմանվել լրացուցիչ մաքսատուրքեր։
Ի պատասխան՝ Պեկինը որոշեց 25%-ով բարձրացնել ամերիկյան 106 անուն ապրանքների ներկրման մաքսատուրքերը։
Արդեն մայիսին կողմերը համաձայնեցին, որ առևտրային պատերազմ չի լինելու, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ առևտրային հարցերում համաձայնության հասնել չի հաջողվել, և Վաշինգտոնը հայտարարեց լրացուցիչ մաքսատուրքերի սահմանման մասին։
Հունիսի կեսին Միացյալ Նահանգները 25%-անոց մաքսատուրքեր սահմանեց չինական ապրանքների ներկրման վրա, ինչն ազդեց ԱՄՆ ներկրվող չինական ապրանքների 10%-ի վրա։
Չինաստանն անմիջապես հայտարարեց, որ 25% մաքսատուրք է սահմանվում ամերիկյան 659 անուն ապրանքների ներկրման վրա։