ԱՄՆ-ի քաղաքականությունը սյուրռեալիստական է․ Իրանի ԱԳ նախարար
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը սյուրռեալիստական է համարում ԱՄՆ-ի մոտեցումը միջազգային հարաբերություններում։ Այս մասին հայտնում է ILNA գործակալությունը։
«Միջազգային հարաբերություններում ԱՄՆ-ի այսօրվա մոտեցումը սյուրռեալիստական է։ Դեռ ավելին՝ Վաշինգտոնը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2231 թվակիր բանաձևը և սպառնում է պատժել նրանց, ովքեր չեն ցանկանում հետևել ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցներին։ Այժմ էլ ամերիկացիները մեղադրում են Իրանին այդ համաձայնագիրը խախտելու մեջ։
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 1-ին, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Թեհրանը միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկում է կատարել՝ խախտելով ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2231 թվակիր բանաձևը։
Պոմպեոյի խոսքով՝ խոսքը «բալիստիկ հրթիռի մասին է, որը կարող է կրել մի քանի մարտագլխիկ»։ Սյուրռեալիստական մոտեցման մասին Զարիֆի հայտարարությունն, ըստ էության, պատասխանն էր պետքարտուղարի այս հայտարարությանը։
Հիշեցնենք, որ 2015 թ. հուլիսին Իրանը և միջազգային միջնորդերի վեցնյակը (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) համաձայնության են եկել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ և ստեղծել են Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր: Իրանը պարտավորվել է սահմանափակել ուրանի հարստացման ոլորտում տարվող աշխատանքները՝ մի շարք պատժամիջոցների չեղարկման փոխարեն: 2016 թ․ հունվարին համաձայնագիրը թևակոխել է կենսագործման փուլ։
Այս տարվա մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս Իրանի միջուկային համաձայնագրի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից, ըստ որի Իրանը պետք է սահմանափակեր ուրանի հարստացման իր ծրագիրը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից սահմանված մի շարք պատժամիջոցների չեղարկման փոխարեն։ Ամերիկյան վարչակազմի ղեկավարի խոսքով՝ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրն Իրանին հնարավորություն էր տալիս միջուկային ռումբեր ստեղծել։
Հատկանշական է, որ միջնորդ երկրները բազմիցս զգուշացրել են Միացյալ Նահանգներին զերծ մնալ նման որոշում կայացնելուց։