Իսրայելական բանակը գործողություն է սկսել Լիբանանի հետ սահմանին

Իսրայելի պաշտպանության բանակը սկսել է «Հյուսիսային վահան» գործողությունը, որի նպատակն է գտնել և ոչնչացնել Լիբանանում գործող շիայական «Հեզբոլլահ» խմբավորման փորած այն թունելը, որը գալիս է մինչև հրեական պետության տարածք։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իսրայելի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը։

«Մենք հայտարարել ենք «Հյուսիսային վահան» գործողության մեկնարկի մասին, որի նպատակն է գտնել և ոչնչացնել դեպի Իսրայելի տարածք եկող այն թունելները, որոնք փորում են «Հեզբոլլահ» շարժման անդամները։ Մենք պահեստազորային մոբիլիզացիա չենք հայտարարել, սակայն մեր ուժերը կենտրոնացրել ենք հյուսիսում։ Մեր հյուսիսային հրամանատարությունը բերվել է մարտական բարձր պատրաստվածության և պատրաստ է յուրաքանչյուր իրավիճակի և սցենարների», - նշել է իսրայելական բանակի ներկայացուցիչը։

«Չնայած՝ թունելները հատում են Իսրայելի սահմանը, դրանք դեռ պատրաստ չեն օգտագործման և ուղղակի վտանգ չեն ներկայացնում Իսրայելի քաղաքացիների համար։ Մենք այժմ գիտենք մի քանի թունելի մասին, սակայն ես հիմա չեմ նշի դրանց կոնկրետ թիվը։ Այս գործողության նպատակն է դրանք բացահայտելը և ոչնչացնելը», - շարունակել է Կոնրիկուսը։

Նա նշել է, որ գործողությունը կատարվելու է Իսրայելի տարածքում և Գոլանի բարձունքի մի մասում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Բրյուսելում հանդիպում էր ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել էր «Իրանի ագրեսիան ճնշելու, ինչպես նաև վերջինիս դաշնակիցներին, այդ թվում՝ Լիբանանը, Սիրիան և Իրաքը զսպելու հարցը»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.