ԱՄՆ-ը ՄՑՀՀՊ-ի հարցով վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին
ԱՄՆ պտեքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Մոսկվային տրվում է երկու ամիս ժամանակ Միջին և ցածր հեռահարության հրթիռների մասին պայմանագրի դրույթների կատարմանը վերադառնալու համար։ Նա նշել է, որ եթե դա չկատարվի, ապա Վաշինգտոնը կդադարեցնի իր պարտավորությունները ՄՑՀՀՊ-ի շրջանակներում։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն։
ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ այս ընթացքում իրենց չեն ստեղծի և փորձարկի այդ պայմանագրի տակ ընկնող հրթիռներ։
«Այդ 60 օրից հետո կտեսնենք, թե ինչ կլինի», - ընդգծել է Պոմպեոն։
ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Պոմպեոյի այս հայտարարությանը և նշել, որ Մոսկվան անվերապահորեն կատարում է պայմանագրի դրույթները, և Վաշինգտոնն այդ մասին գիտի։
ՌԴ Դաշնային խորհրդի՝ միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Վլադիմիր Ջաբարովը նշել է, որ Մոսկվան հայելային պատասխան կտա, եթե Միացյալ Նահանգները որոշի դուրս գալ ՄՑՀՀՊ-ից և հրթիռներ տեղակայի Եվրոպայում։
«Ռուսաստանը այդ դեպքում կավելացնի միջին և ցածր հեռահարության հրթիռների թիվը երկրի եվրոպական հատվածում», - ասել է Ջաբարովը։
ՌԴ Դաշնային խորհրդի անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Բոնդարևը Ռիա Նովոստի-ին տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է, որ պայմանագրի կնքումից ի վեր Միացյալ Նահանգերն 95 անգամ խախտել է դրա դրույթները։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ պատրաստվում է դուրս գալ Միջին և ցածր հեռահարության հրթիռների մասին համաձայնագրից, քանի որ Ռուսաստանն, իր կարծիքով, խախտում է համաձայնագրի դրույթները։
Միացյալ Նահանգները Ռուսաստանին ՄՑՀՀՊ-ի դրույթերը խախտելու մեջ առաջին անգամ մեղադրել է 2014 թ․ ամռանը։ Դրանից հետո ևս մի քանի անգամ Վաշինգտոնը կրկնել է նույն մեղադրանքը, որը Մոսկվան կտրականապես հերքել է։
Միջին և ցածր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը կնքվել է ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև 1987 թ․ դեկտեմբերի 8-ին։ Այն ուժի մեջ է մտել 1988 թ․ հունիսի 1-ին։ Պայմանագիրը կողմերին թույլ չի տալիս ունենալ ցամաքային տեղակայման բալիստիկ և 500-5500 կմ շառավղով գործելու հնարավորություն ունեցող թևավոր հրթիռներ։