Իսրայելը մոտ տասը պետության հետ բանակցություննէր է վարում նրանց դեսպանատները Երուսաղեմ տեղափոխելու հարցի շուրջ

Իսրայելը մոտ տասը պետության հետ բանակցություններ է վարում վերջիններիս դեսպանատները Երուսաղեմ տեղափոխելու հարցի շուրջ։ Այս մասին Ռիա Նովոստի-ի հետ զրույցում հայտարարել է Երուսաղեմի հարցերով նախարար Զեև Էլկինը՝ նշելով, որ այդ պետությունների թվում կան նախկին Խորհրդային Միության անդամներ։

Նախորդ տարի Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին հայտարարությունից հետո այստեղ են տեղափոխվել ԱՄՆ-ի և Գվատեմալայի դեսպանատները։ Աշխարհի մյուս պետությունները շարունակում են այս քաղաքի կարգավիճակը համարել իսրայելապաղեստինյան հակամարտության ամենաառանցքային խնդիրներից մեկը, որը պետք է լուծվի կողմերի համաձայնությամբ, և քանի դեռ այս հարցը լուծված չէ, դեսպանատները մնում են Թել Ավիվում։

«Դեռ կան մի շարք պետություններ, որոնց հետ բանակցություններ են վարվում դեսպանատների հնարավոր տեղափոխության վերաբերյալ։ Ինչքան ես գիտեմ՝ այդ պետությունների թիվը հասնում է տասնյակի», - նշել է լրատվականի զրուցակիցը։

Դեսպանատները Երուսաղեմ տեղափոխելու ցանկության վերաբերյալ բացահայտորեն խոսում են նաև Չեխիայի, Բրազիլիայի և Ավստրալիայի ներկայացուցիչները։

Էլկինի խոսքով՝ վերոնշյալ տասնյակ պետությունների թվում կան նաև նախկին ԽՍՀՄ անդամ պետություններ։

«Այո, կան նախկին ԽՍՀՄ անդամ պետություններ, սակայն դա չի նշանակում, որ նրանք ընդունել են այդ որոշումը։ Նրանք մեզ հետ երկխոսություն են վարում այս հարցի շուրջ», - նշել է նա։

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին  Դոնալդ Թրամփն Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխեց Երուսաղեմ։ Հատկանշական է, որ Զեմանը միջազգային առաջնորդներից առաջինն էր, որ հինգ տարի առաջ հանդես եկավ նման նախաձեռնությամբ, սակայն չեխական կառավարությունը ձեռնպահ մնաց այդ որոշումից՝ հավատարիմ մնալով Եվրամիության դիրքորոշմանը, ըստ որի՝ Երուսաղեմի նկատմամբ իրավունքներ ունեն նաև պաղեստինցիները։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.