Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածների հետևանքով զոհվել է 5 մարդ
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածների հետևանքով Սիրիայի Դեր Զոր նահանգի Հաջին քաղաքում զոհվել է ավելի քան 5 մարդ։ Այս մասին տեղեկացնում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կան նաև բազմաթիվ վիրավորներ։ Տեղի ունեցածի վերաբերյալ այլ մանրամասներ լրատվականը չի հաղորդում։
Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով սիրիական կենտրոնի տվյալներով՝ նոյեմբերի սկզբից ի վեր արևմտյան կոալիցիայի ավիահարվածների հետևանքով Դեր Զորում զոհվել է ավելի քան 40 խաղաղ բնակիչ։
Նախորդ ամսին Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղերձ էր հղել, որտեղ մեղադրել էր ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիային Սիրիայում ռազմական հանցագործություններ կատարելու և անմեղ մարդկանց սպանելու մեջ։ Դամասկոսը ՄԱԿ-ի ԱԽ-ին կոչ էր արել դատապարտել կոալիցիայի գործողությունները և ստեղծել անկախ մարմին, որը կզբաղվի ռազմական հանցագործությունների հետաքննությամբ և կպատժի մեղավորներին։