Բալկաններում ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ակտիվությունը կարող է հանգեցնել Եվրոպայում իրավիճակի ապակայունացման․ Լավրով
Ռուսաստանն անհանգստացած է Բալկանյան տարածաշրջանն «իրենցով անելու» ՆԱՏՕ-ի և Եվրոպական Միության ձգտումներով, ինչը կարող է հանգեցնել ապակայունացման և Եվրոպայում բաժանարար գծերի ստեղծման։ Այս մասին հունական Efsyn թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Բալկաններում տիրող իրավիճակն անհանգստություն է պատճառում։ Մենք տեսնում ենք, որ ՆԱՏՕ-ն և Եվրոպական Միությունը ջանքեր են գործադրում այդ շրջանն «իրենցով անելու» համար։ Այստեղի պետություններից պահանջում են կատարել կեղծ ընտրություն՝ լինել կամ Մոսկվայի հետ, կամ՝ Վաշինգտոնի և Բրյուսելի», - ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ այսպիսի մոտեցումները կարող են հանգեցնել «Եվրոպայի ապակայունացմանը, լարվածության աճին և նոր բաժանարար գծերի ի հայտ գալուն»։
ՌԴ արտգործնախարարը հավելել է, որ Բոսնիա և Հերցեգովինայի պաշտպանության ռեժիմը շղթայում է երկրի զարգացումը և խանգարում է հաշտեցման գործընթացին։
«Հիմա փորձում են վարկաբեկել բոսնիացիների ընտրությունները և տպավորություն ստեղծել, որ բոսնիացի սերբերի առաջնորդ Միլորադ Դոդիկի հաղթանակն ընտրություններոըմ օրինական չէ», - ընդգծել է Լավրովը։
Նա հավելել է, որ Կոսովոյի կողմից զինված ուժերի ստեղծումը, ինչպես նաև Սերբիայի և Բոսնիա և Հերցեգովինայի նկատմամբ երկկողմ առևտրային 100%-անոց մաքսատուրքերի սահմանումը կասկածի տակ է դնում Եվրամիության հեղինակությունը և վերջինիս՝ Կոսովոյին իր պարտականությունները կատարել ստիպելու կարողությունը։
«Բալկաններում անկայունության հիմնական օջախը Կոսովոն է։ Պրիշտինան ոչ միայն չի կատարում ԵՄ-ի միջնորդությամբ Բելգրադի հետ համագործակցելու վերաբերյալ իր պարտավորությունները, այլ նաև կատարում է սադրիչ քայլեր։ Արդեն հինգուկես տարի է ոչինչ չի արվել Կոսովոյում սերբական համայնքների ստեղծման ուղղությամբ», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը։