Եվրամիությունում համաձայնություն չկա Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցի շուրջ
Եվրոպական Միությունում համաձայնություն չկա Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի պատճառով Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցի շուրջ։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, հայտնել են Բրյուսելում դիվանագիտական ոլորտի ներկայացուցիչը։
«Մի քանի երկրներ ցանկանում են բարձրացնել պատժամիջոցների մասին հարցը, որոշները՝ ոչ։ Այս հարցում դեռ չկա 28 պետությունների համաձայնությունը», - նշել է աղբյուրը։
Նրա խոսքով՝ Եվրոպական Միությունում, սակայն, դեռ շարունակվում են Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ քննարկումները։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ուկրաինական երեք ռազմանավեր մտել էին Կերչի նեղուց, որտեղ ռուս սահմանապահները կալանել էին դրանք և կրակ բացել նավերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել էր ուկրաինացի 3 զինծառայող։ Հարուցվել է քրեական գործ Ռուսաստանի պետական սահմանները խախտելու հատկանիշներով։
Գործով ձերբակալվել է Ուկրաինայի 24 քաղաքացի, որոնք կարող են դատապարտվել մինչև 6 տարվա ազատազրկման։
Ուկրաինան և Արևմուտքի երկրներն այս միջադեպը փորձում են օգտագործել որպես Մոսկվայի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու պատրվակ։