Իրանում հաստատել են բալիստիկ հրթիռների փորձարկման մասին լուրերը
Իրանի Զինված ուժերը հաստատել են տարածված տեղեկությունները, որ իրականացրել են բալիստկիկ հրթիռների նոր փորձարկում։ Այս մասին, ինչպես գրում է Fars գործակալությունը, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն։
«Մենք կատարում ենք հրթիռային փորձարկումներ։ Մեր վերջին թեստային արձակումը շատ կարևոր էր։ Ամերիկյան իշխանությունների արձագանքները ցույց են տալիս, որ այս թեման չափազանց կարևոր է իրենց համար», - ասել է Հաջիզադեն՝ նշելով, որ Իրանը տարեկան կատարում է 40-50 փորձարկում։
Դեկտեմբերի 1-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Իրանը կատարել է միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկում՝ հաշվի չառնելով ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2231 թվակիր բանաձևի պահանջները։ Պոմպեոյի խոսքով՝ խոսքը «բալիստիկ հրթիռի մասին է, որը կարող է կրել մի քանի մարտագլխիկ»։
Ավելի ուշ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում գումարվել է արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել է Իրանի հրթիռային փորձարկումների հարցը։ Նիստի մասնակիցները չեն եկել միաձայն եզրակացության, որ Թեհրանը խախտում է ՄԱԿ-ի ԱԽ 2231 թվակիր բանաձևի դրույթները, որն ընդունվել է ի աջակցություն Միջուկային ծրագրի Համատեղ համապարփակ գործողությունների պլանի։ ՄԱԿ-ի ԱԽ անդամ պետությունների մշտական ներկայացուցիչները հայտարարել են, որ հրթիռային փորձարկումները չեն համարում միջուկային ծրագրի դրույթների ուղղակի խախտում, սակայն կարծում են, որ դրանք չեն համապատասխանում բանաձևին։
Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ իր երկիրը չունի միջուկային զենք և չի պատրաստվում հրթիռները պատրաստել միջուկային կրիչների համար։
2015 թ. հուլիսին Իրանը և միջազգային միջնորդերի վեցնյակը (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) համաձայնության են եկել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ և ստեղծել են Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր: Իրանը պարտավորվել է սահմանափակել ուրանի հարստացման ոլորտում տարվող աշխատանքները՝ մի շարք պատժամիջոցների չեղարկման փոխարեն: 2016 թ․ հունվարին համաձայնագիրը թևակոխել է կենսագործման փուլ։
Այս տարվա մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս Իրանի միջուկային համաձայնագրի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից, ըստ որի Իրանը պետք է սահմանափակեր ուրանի հարստացման իր ծրագիրը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից սահմանված մի շարք պատժամիջոցների չեղարկման փոխարեն։ Ամերիկյան վարչակազմի ղեկավարի խոսքով՝ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրն Իրանին հնարավորություն էր տալիս միջուկային ռումբեր ստեղծել։
Հատկանշական է, որ միջնորդ երկրները բազմիցս զգուշացրել են Միացյալ Նահանգներին զերծ մնալ նման որոշում կայացնելուց։