Թուրքիան պատրաստվում է նոր ռազմական գործողություն սկսել Սիրիայի հյուսիսարևելքում

Թուրքիան առաջիկայում կարող է ռազմական գործողություն սկսել Եփրատ գետի արևելյան ափին։ Այս մասին Անկարայում կայացած ռազմական արդյունաբերության գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մի քանի օրից Թուրքիան ռազմական գործողություն կսկսի Եփրատի արևելքում», - Էրդողանի խոսքերը մեջբերում է Sabah թերթը։

Նա ընդգծել է, որ գործողության ընթացքում իրենց թիրախը չեն լինի այդ շրջանում գտնվող ամերիկացի զինծառայողները։ Էրդողանի պնդմամբ՝ այս քայլով Անկարան կնպաստի սիրիական հակամարտության խաղաղ կարգավորմանը և «այդ տարածքն ավելի անվտանգ կդարձնի տեղի բնակչության համար»։

Ավելի վաղ Թուրքիան Սիրիայի տարածքում իրականացրել է «Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» անուններն ստացած ռազմական գործողությունները։ Վերջերս Արգենտինայում կայացած G20-ի գագաթնաժողովի ժամանակ էլ Էրդողանը հայտարարել էր, որ իրենք պատրաստվում են Սիրիայում «Եփրատ գետի արևելյան ափը մաքրել ահաբեկիչներից»։

Վերջին ամիսների ընթացքում Թուրքիայի նախագահն արդեն մի քանի անգամ հայտարարել է Սիրիայում քրդական զորամիավորումների դեմ գործողություններ սկսելու անհրաժեշտության մասին։ Պաշտոնական Անկարան դրանց համարում է ահաբեկչական կազմակերպություններ, որոնք կապված են Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.