Ռիադը սաուդցի թագաժառանգի վերաբերյալ ԱՄՆ Սենատի բանաձևերը համարում է միջամտություն երկրի ներքին գործերին

Սաուդյան Արաբիայի իշխանությունները կարծում են, որ օրեր առաջ ԱՄՆ Սենատի կողմից ընդունած բանաձևը միջամտություն է թագավորության ներքին գործերին, ինչպես նաև հերքում են թագաժառանգ Մուհամմեդ Բին Սալմանի կապը լրագրող Ջեմալ Խաշոգջիի սպանությանը։ Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարը։

«Սաուդյան Արաբիան չի ընդունում ԱՄՆ Սենատի այն դիրքորոշումը, որը հենվում է անիմն պնդումների վրա և իրենից ներկայացնում է ուղղակի միջամտություն Սաուդյան Արաբիայի ներքին գործերին՝ խարխլելով տարածաշրջանային և համաշխարհային կարգավիճակը։ Ռիադը հաստատում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հետագա զարգացման պատրաստակամությունը, սակայն անհանգստանում է նման դիրքորոշումների պատճառով»,- ասել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարը։

Նշենք, որ նախորդ հինգշաբթի ԱՄՆ Սենատն ընդունել էր երկու բանաձև, որոնցից մեկում սաուդցի լրագրող Ջեմալ Խաշոգջիի սպանության պատասխանատվությունը դրվում էր Մուհամմեդ Բին Սալմանի վրա։ Մյուս բանաձևում Սենատը գործադիր իշխանությանը կոչ է անում դադարեցնել Եմենում ռազմական գործողությունների շրջանակում Սաուդյան Արաբիային հատկացվող աջակցությունը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իրենք շարունակելու են մնալ Ռիադի վստահելի գործընկերը՝ չնայած լրագրողի սպանության շուրջ ստեղծված իրավիճակին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.