ՌԴ ԱԳՆ-ը մեկնաբանել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ընդունած բանաձևը Ղրիմի մասին

«Ղրիմի ռազմականացման» մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևը ցույց տվեց, որ Ռուսաստանի դեմ հետևողական արշավ է ընթանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի՝ միջազգային կազմակերպությունների վարչության ղեկավար Պյոտր Իլիևիչը։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան ձայների մեծամասնությամբ ընդունել էր Ուկրաինայի առաջարկած բանաձևը «Ղրիմի և Սևաստոպոլի, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի ռազմականացման» մասին։
Հակառուսական բանաձևին կողմ էր քվեարկել 66 պետություն, դեմ՝ 19, իսկ ձեռնպահ՝ 72։
«Անհայտ է, որ բացարձակ մեծամասնություն ուկրաինացիները չունեն և այդ պատճառով էլ փորձում են հարցը տեղափոխել նոր հարթություններ։ Ուղղակի ևս մեկ լծակ մեր վրա ազդելու համար։ Ցավում եմ, որ Գլխավոր Ասամբլեան ընդունեց բանաձևը և մերժեց փոփոխություններ մտցնելու մեր առաջարկը», - լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը։
Նոյեմբերի 25-ին ուկրաինական երեք ռազմանավեր մտել էին Կերչի նեղուց, որտեղ ռուս սահմանապահները կալանել էին դրանք և կրակ բացել նավերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել էր ուկրաինացի 3 զինծառայող։ Հարուցվել է քրեական գործ Ռուսաստանի պետական սահմանները խախտելու հատկանիշներով։
Գործով ձերբակալվել է Ուկրաինայի 24 քաղաքացի, որոնք կարող են դատապարտվել մինչև 6 տարվա ազատազրկման։
Ուկրաինան և Արևմուտքի երկրներն այս միջադեպը փորձում են օգտագործել որպես Մոսկվայի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու պատրվակ։