ՌԴ ԱԳՆ-ը մեկնաբանել է ԱՄՆ-ի դիրքորոշումը միջին և ցածր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի շուրջ
Մոսկվան կտրականապես հերքում է Վաշինգտոնի մեղադրանքները Միջին և ցածր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի դրույթները խախտելու վերաբերյալ։ Այս մասին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռիբկովը։
Նրա խոսքով՝ այս հարցի շուրջ մոտ 5 տարվա քննարկումներից հետո Վաշինգտոնը չկարողացավ ոչ մի կոնկրետ ապացույց ներկայացնել Ռուսաստանի մեղավորության վերաբերյալ։
«Այդ մեղադրանքները շարունակում են մնալ բացարձակ անհիմն», - ընդգծել է նա՝ հավելելով, որ ՄՑՀՀՊ-ից դուրս գալու ԱՄՆ-ի ընտրած իրավական բացատրությունը «պարզապես անընդունելի է»։
ՌԴ ԱԳ փոխնախարարը հիշեցրել է նաև, որ Վաշինգտոնն այդպես էլ չի պատասխանել պայմանագրի շուրջ տարաձայնությունների վերաբերյալ քննարկում անցկացնելու մասին Մոսկվայի հարցմանը։ Հարցումը Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսին ուղարկել էր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ պատրաստվում է դուրս գալ Միջին և ցածր հեռահարության հրթիռների մասին համաձայնագրից, քանի որ Ռուսաստանն, իր կարծիքով, խախտում է համաձայնագրի դրույթները։
Միացյալ Նահանգները Ռուսաստանին ՄՑՀՀՊ-ի դրույթերը խախտելու մեջ առաջին անգամ մեղադրել է 2014 թ․ ամռանը։ Դրանից հետո ևս մի քանի անգամ Վաշինգտոնը կրկնել է նույն մեղադրանքը, որը Մոսկվան կտրականապես հերքել է։
Միջին և ցածր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը կնքվել է ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև 1987 թ․ դեկտեմբերի 8-ին։ Այն ուժի մեջ է մտել 1988 թ․ հունիսի 1-ին։ Պայմանագիրը կողմերին թույլ չի տալիս ունենալ ցամաքային տեղակայման բալիստիկ և 500-5500 կմ շառավղով գործելու հնարավորություն ունեցող թևավոր հրթիռներ։