Իրանի նախագահն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Իրանի նախագահ Հասան Ռոհանին աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա։ Ինչպես հայտնել է Իրանի նախագահի գրասենյակի՝ հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավարը, Էրդողանի և Ռոհանիի մասնակցությամբ տեղի է ունենալու երկու երկրների միջև բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 5-րդ նիստը։

Նախորդ երկկողմ ամբողջական բանակցությունները տեղի են ունեցել 2017 թ․ հոկտեմբերին։ Այս հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Թուրքիան ավելի շատ նաֆթ և գազ կգնի Իրանից։ Քննարկվել էր նաև պաշտպանական ոլորտում հարաբերությունների զարգացման հնարավորությունները։

Ակնկալվում է, որ առաջիկա հանդիպման հիմնական թեման լինելու է երկկողմ տնտեսական հարաբերությունները և Վաշինտոնի՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու որոշումը։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն բազմիցս ակնարկել են, որ ոչ մի պարագայում չեն աջակցելու Իրանի նկատմամաբ ամերիկյան պատժամիջոցներին։

Անկարա ժամանելուց առաջ Ռոհանին հայտարարել էր, որ ԱՄՆ-ի թելադրանքի ժամանակաշրջանն ավարտվել է, և Վաշինգտոնն այլևս չի կարող իր քաղաքականությունը թելադրել Մերձավոր Արևելքում։

Ռոհանին նշել էր նաև, որ Թուրքիան համարում է տարածաշրջանի «ամենաազդեցիկ խաղացողներից մեկը»։ Նա ընդգծել էր, որ ցանկանում է Անկարայի հետ առևտրաշրջանառությունը հասցնել 30 միլիարդ դոլարի։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.