Էրդողանը խոստացել է ոչնչացնել Սիրիայում Իսլամական պետության մնացորդները․ Թրամփ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խոստացել է ոչնչացնել այն ամենը, ինչը կարող էր Սիրիայում մնալ Իսլամական պետությունից։

Այս մասին Թրամփը գրել է իր թվիթերյան էջում։

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վճռականորեն տեղեկացրել է ինձ, որ արմատախիլ կանի այն ամենը, ինչը կարող էր Իսլամական պետությունից մնալ Սիրիայում։ Նա մարդ է, որը կարող է անել դա, իսկ Թուրքիան գտնվում է հարևանությամբ։ Մեր զինծառայողները վերադառնում են տուն», - գրել է ԱՄՆ նախագահը։

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 19-ին հայտարարել էր Սիրիայում ամերիկյան զորքերի դուրսբերման մասին։ Նա այս որոշումը բացատրել էր նրանով, որ այս երկրում ավարտվել է Իսլամական պետության դեմ պայքարը։

Ամերիկացի պաշտոնատար անձանց կարծիքով՝ ավելի քան երկու հազար հոգանոց զորախմբի դուրսբերումը կարող է տևել 60-ից մինչև 100 օր։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.