Լիբիայում հայտնաբերվել են ԻՊ ահաբեկիչների զոհ դարձած տասնյակ մարդկանց դիեր

Լիբիայի իշխանությունները հայտարարել են, որ Սուրտ քաղաքում հայտնաբերել են Իսլամական պետության ահաբեկիչների կողմից սպանված 34 մարդկանց դիակներ, որոնք թաղված են եղել միասին։ Այս մասին գրում է Lenta-ն՝ հղում կատարելով Reuters գործակալությանը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 2015 թ․ սպանված եթովպացի քրիստոնյաների դիերը հայտնաբերվել են դեկտեմբերի 23-ին։ Լիբիայի ներքին գործերի նախարարության քրեական հանցագործությունների հետաքննության բաժնի հաղորդագրության համաձայն՝ զանգվածային սպանդի և թաղելու մասին հայտնի է դարձել ԻՊ-ի ձերբակալված անդամների հարցաքննության արդյունքում։

Նշվում է, որ դիերը կտեղափոխվեն Եթովպիա միայն ներքին հետաքննությունից հետո։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Աֆրիկայի արևելյան երկրների բնակիչները Լիբիայում են հայտնվել Եվրոպա գնալու ճանապարհին։

Հիշեցնենք, որ Իսլամական պետության ահաբեկիչները Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադդաֆիի հարազատ Սուրտ քաղաքն իրենց վերահսկողության տակ էին վերցրել 2015 թվականին։ Լիբիական բանակը ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ կարողացել է ահաբեկիչներին քաղաքից դուրս մղել միայն 2016 թվականի վերջին։

Լիբիայի առաջնորդ Մուամմադ Քադդաֆին սպանվել է 2011 թվականի հոկտեմբերի 20-ին ՆԱՏՕ-ի կողմից աջակցություն ստացող ապստամբների կողմից։ Նրա մահվանից հետո Լիբիայում սկսվել է քաղաքացիական պատերազմ, և երկրի տարածքի կեսն իրենց վերահսկողության տակ են վերցրել իսլամիստ ծայրահեղականները։ Ներկայում այդ երկրում գործում է երկու կառավարություն․ արևելքում՝ Թոբրուք քաղաքում, գործում է ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արևմուտքում՝ Տրիպոլիում, ՄԱԿ-ի և արևմուտքի երկրների աջակցությունը վայելող Ազգային համաձայնության կառավարությունը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.