Էրդողանը մտադիր է մոտ օրերս մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ քննարկելու Սիրիայում ստեղծված իրավիճակը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստվում է մոտ օրերս այցելել Մոսկվա և հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու Սիրիայում տիրող իրավիճակը։

Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, Էրդողանն ասել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

«Այսօր, վաղը իմ գործընկերները կմեկնեն Մոսկվա՝ քննարկելու Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները։ Անմիջապես դրանից հետո, կարծում եմ, այնտեղ ես հանդիպում կունենամ Վլադիմիր Պուտինի հետ», - ասել է էրդողանը։

Հատկանշական է, որ Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Էրդողանի և Պուտինի հանդիպման մասին դեռ որևէ պայմանավորվածություն չկա։

Ավելի վաղ Ռուսաստան մեկնելու մասին հայտարարել էր նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։ Նա նույնպես պատրաստվում է Մոսկվայում քննարկել Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման հարցը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին էլ Թրամփը հայտարարել էր Սիրիայում Իսլամական պետության դեմ վերջնական հաղթանակի և ամերիկյան զորքերն արաբարական այս երկրից դուրս բերելու մասին։

Ավելի ուշ Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն արդեն սկսել է զորքերի դուրսբերումը Սիրիայի տարածքից, սակայն սա և ԻՊ-ի դեմ հաղթանակը չի նշանակում, որ միջազգային կոալիցիան դադարելու է գոյություն ունենալ։

Ամերիկացի պաշտոնյաների տվյալներով՝ պետքարտուղարության աշխատակիցները 24 ժամվա մեջ դուրս են բերվել Սիրիայից, իսկ զորախմբի դուրսբերումը տեղի կունենա 60-ից 100 օրվա ընթացքում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.