Ֆինլանդիայի իրավապահներն ԱՄՆ-ի պահանջով ձերբակալել են ՌԴ քաղաքացու

Ֆինլանդիայում ամերիկյան իշխանությունների դիմումի համաձայն ձերբակալել են Ռուսաստանի Դաշնության կին քաղաքացի։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ֆինլանդիայում ՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժնի հաղորդագրությանը։

«Դեկտեմբերի 15-ին Վենտաա քաղաքի օդանավակայանում սահմանապահ ծառայությունների աշխատակիցները ձերբակալել են ՌԴ քաղաքացի Տերադա Միրային (մինչև 2017 թ․՝ Վովկ Օկսանա), որը Սանկտ Պետերբուրգից տրանզիտ թռիչքով մեկնում էր Իսպանիա։ Նույն օրը Ֆինլանդիայի իշխանությունները ռուսական կողմին տեղեկացրել են տեղի ունեցածի մասին։ Նրանք հավաստիացրել են, որ ձերբակալությունը տեղի է ունեցել Ինտերպոլի որոշման հիման վրա՝ ամերիկյան իշխանությունների դիմումով», - ասվում է տարածված հաղորդագրության մեջ։

Դեկտեմբերի 17-ին ՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցն այցելել է Տերադային Վենտաայի բանտում։

«Նա հայտնել է, որ ԱՄՆ-ի իշխանություններն իրեն մեղադրում են այնտեղ ապրած տարիներին (2013-2016 թ․թ․) ամերիկյան օրենսդրությունը խախտելու, մասնավորապես՝ թմրանյութերի շրջանառության և փողերի լվացման մեջ։ Տերադան հերքում է մեղադրանքները։ Ֆինլանդիայի իշխանությունները ԱՄՆ-ի իշխանություններից պահանջել են ներկայացնել ձերբակալված կնոջ մեղքը հիմնավորող փաստեր, որոնք ուսումնասիրելուց հետո Ֆինլանդիայի արդարադատության նախարարությունը կորոշի արտահանձնել ձերբակալվածին ԱՄՆ, թե ազատ արձակել», - նշում են ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցները՝ հավելելով, որ ֆիննական կողմն ԱՄՆ-ի իշխանությունների վրա փաստերի ներկայացման վերջնաժամկետ է դրել, որն ավարտվում է 2019 թ․ հունվարի 29-ին։

Ռուս դիվանագետները շարունակում են կապի մեջ լինել Ֆինալդիայի իշխանությունների հետ ձերբակալված կնոջն ահնրաժեշտ հյուպատոսական օգնություն տրամադրելու համար։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.