Սիրիայում միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետևանքով զոհվել է 11 մարդ

Ավելի քան 11 մարդ է զոհվել սիրիական Դեր Զոր նահանգի Էլ Շաաֆա բնակավայրում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետևանքով։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով սիրիական ՍԱՆԱ գործակալությանը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ բոլոր զոհվածները մի ընտանիքի անդամներ էին։

Իսլամական պետության դեմ պայքարի միջազգային կոալիցիան ստեղծվել է ԱՄՆ-ի նախաձեռնությամբ՝ 2014 թ․ սեպտեմբերին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։

Միջազգային զորքերի խմբի շտաբի հաղորդած տվյալների համաձայն՝ 2014 թ․ ամառվանից մինչև 2018 թ․ դեկտեմբերի վերջ Սիրիայում և Իրաքում իրականացված օդային հարձակումների հետևանքով զոհվել է 1139 մարդ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Սիրիայում Իսլամական պետության դեմ վերջնական հաղթանակի և ամերիկյան զորքերն արաբարական այս երկրից դուրս բերելու մասին։

Ավելի ուշ Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն արդեն սկսել է զորքերի դուրսբերումը Սիրիայի տարածքից, սակայն սա և ԻՊ-ի դեմ հաղթանակը չի նշանակում, որ միջազգային կոալիցիան դադարելու է գոյություն ունենալ։

Ամերիկացի պաշտոնյաների տվյալներով՝ պետքարտուղարության աշխատակիցները 24 ժամվա մեջ դուրս են բերվել Սիրիայից, իսկ զորախմբի դուրսբերումը տեղի կունենա 60-ից 100 օրվա ընթացքում։

Ավելի ուշ The New York Times թերթը, հղում կատարելով վարչակազմի ներկայացուցիչներին, գրեց, որ Թրամփը համաձայնել է 4 ամիս հատկացնել զորքերի դուրսբերման համար։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.