Բելառուսը վերացրել է երկրում ամերիկացի դիվանագետների թվի սահմանափակումը

Բելառուսի իշխանությունները վերացրել են սահմանափակումները երկրում ամերիկացի դիվանագետների թվի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է Foreign Policy-ն՝ հղում կատարելով Պետքարտուղարության աղբյուրներին։

Նշվում է, որ Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մաքեյը հունվարի 10-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ուես Միթչելի հետ, որի ընթացքում էլ վերջինիս ստեղեկացրել է այդ որոշման մասին։ Foreign Policy-ն գրում է, որ նման քայլերը կարող են լավագույն կերպով ազդել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների զարգացմանը վրա։

ԱՄՆ պետքարտուղարությունը դեռ որևէ պաշտոնական մեկնաբանություն չի արել այս տեղեկության կապակցությամբ։

Հիշեցնենք, որ 2008 թ․ Բելառուսն արտաքսել էր ԱՄՆ դեսպանին այն բանից հետո, երբ Վաշինգտոնը պատժամիջոցներ էր սահմանել Մինսկի նկատմամբ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրավիճակի վատացման պատճառաբանությամբ։ Այդ ժամանակ երկրից արտաքսվել էր նաև ամերիկացի 30-35 դիվանագետ։ Բելառուսը դիվանագետների թիվը սահմանփակել էր՝ թույլ տալով երկրում աշխատել ամենաշատը 5 հոգու։ Ավելի ուշ նրանց թիվն ավելացավ՝ հասնելով 10-ի։

Foreign Policy-ն հիշեցնում է, որ Ուես Միթչելը, 2018 թ․ այցելելով Բելառուս, դարձավ վերջին տասը տարիների ընթացքում այս երկիր այցելած ամերիկացի առաջին բարձրաստիճան դիվանագետը։ Այցի ընթացքում նա հանդիպում է ունեցել նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.