Մանբիջում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 27 մարդ․ Էրդողան

Մանբիջում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը, որի հետևանքով զոհվել էին ամերիկացի մի քանի զինվորականներ, հավանաբար, իրականացվել է Սիրիայից զորքերը դուրս բերելու մասին ԱՄՆ-ի որոշման վրա ազդելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մանբիջում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 27 մարդ, որոնց թվում՝ 5 ամերիկացի զինծառայող։ Բացառված չէ, որ սրա կազմակերպիչները ինչ-որ կերպ ազդեցություն ունենան Սիրիայից զորքերը դուրս բերելու մասին ԱՄՆ-ի որոշման վրա», - Խորվաթիայի նախագահ Գրաբար Կիտարովիչի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Էրդողանը։

Նա հիշեցրել է, որ Թրամփը բավական վճռական է տրամադրված զորքերի դուրսբերման հարցում։ Բացի այդ՝ Թուրքիայի նախագահը խոստացել է շարունակել պայքարն Իսլամական պետության դեմ։

Հիշեցնենք, որ հունվարի 16-ին հզոր պայթյուն էր որոտացել Մանբիջի ռեստորաններից մեկում, որտեղ, ըստ նախնական տվյալների, այդ պահին եղել է ամերիկացի 15 զինծառայող։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.