Հայտնի է դարձել Միջին և ցածր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու ժամկետը
Միացյալ Նահանգները կսկսի Միջին և ցածր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից դուրս գալու գործընթացը առաջիկա փետրվարի 2-ին՝ հաշվի չառնելով Ռուսաստանի համաձայնությունը։ Այս մասին գրում է Lenta-ն՝ հղում կատարելով Reuters գործակալությանը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ռուսական և ամերիկյան կողմերի միջև Ժնևում տեղի ունեցած բանակցություններն ավարտվել են ապարդյուն, այդ իսկ պատճառով էլ Վաշինգտոնը որոշել է դուրս գալ Միջին և ցածր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից՝ առանց հաշվի առնելու Ռուսաստանի համաձայնությունը։
Պետքարտուղարության միջազգային անվտանգության և սպառազինության վերահսկման հարցերով ներկայացուցիչ Անդրեա Թոմսոնի խոսքով՝ այդ գործընթացը կարող է տևել 6 ամիս։
Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ամերիկյան կողմը բանակցություններին եկել էր վերջնագիր ներկայացնելով։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերի 20-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ պատրաստվում է դուրս գալ Միջին և ցածր հեռահարության հրթիռների մասին համաձայնագրից, քանի որ Ռուսաստանն, իր կարծիքով, խախտում է համաձայնագրի դրույթները։
Միացյալ Նահանգները Ռուսաստանին ՄՑՀՀՊ-ի դրույթերը խախտելու մեջ առաջին անգամ մեղադրել է 2014 թ․ ամռանը։ Դրանից հետո ևս մի քանի անգամ Վաշինգտոնը կրկնել է նույն մեղադրանքը, որը Մոսկվան կտրականապես հերքել է։
Միջին և ցածր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը կնքվել է ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև 1987 թ․ դեկտեմբերի 8-ին։ Այն ուժի մեջ է մտել 1988 թ․ հունիսի 1-ին։ Պայմանագիրը կողմերին թույլ չի տալիս ունենալ ցամաքային տեղակայման բալիստիկ և 500-5500 կմ շառավղով գործելու հնարավորություն ունեցող թևավոր հրթիռներ։