Իռլանդիան Մեծ Բրիտանիայի հետ չի գնա Brexit-ի հարցով երկկողմ բանակցությունների
Իռլանդիայի եվրոպական հարցերով պետնախարար Հելեն Մաքենտին հերքել է տեղեկությունները Դուբլինի և Լոնդոնի միջև Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու վերաբերյալ երկկողմ բանակցությունների մասին։ Այս մասին գրում է TASS-ը՝ հղում կատարելով RTE հեռուստաալիքին։
«Մենք չենք կարող գնալ և չենք գնա որևէ երկկողմ բանակցությունների Լոնդոնի հետ։ Այն տեղի կունենա միայն ԵՄ անդամ 27 պետությունների կազմում։ Սա բանակցային գործընթաց է ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի միջև», - ասել է Մաքենտին։
Ավելի վաղ Sunday Times-ը, հղում կատարելով կառավարության աղբյուրներին, նշում էր բրիտանաիռլանդական երկկողմ համաձայնագիրը Իռլանդիայի հյուսիսային և հարավային սահմանի վերաբերյալ, որը Լոնդոնի կողմից վերանայված տարբերակն էր։ Ըստ լրատվականի՝ ԵՄ-Մեծ Բրիտանիա համաձայնագրից այս հարցի դուրս գալը ընդունելի կդարձներ այն բրիտանացի օրենսդիրների կողմից։
Նախորդ երեքշաբթի Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորները հավանության չէին արժանացրել Եվրոպական Միության հետ Brexit-ի պայմանների վերաբերյալ գործարքը։ Քվեարկության ժամանակ 432 պատգամավոր դեմ էր արտահայտվել համաձայնագրին։ Թերեզա Մեյի առաջարկած համաձայնագրին կողմ էր քվեարկել ընդամենը 202 պատգամավոր։ Վերջին 95 տարվա ընթացքում սա ամենախոշոր պարտությունն էր, որը կրում է Մեծ Բրիտանիայի վարչապետը խորհրդարանում։
Ձախողված համաձայնագիրը հաստափոր փաստաթուղթ է, որտեղ հստակեցված չէ Brexit-ի ամենակարևոր հարցերից մեկը՝ Իռլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի միջև սահմանային հսկիչ ռեժիմի հարցը։ Կողմերը միայն պայմանավորվել են այդ հարցը լուծել մինչև 2020 թվականը։