Թերեզա Մեյը հայտնվել է անելանելի իրավիճակում․ Գերմանիայի արդարադատության նախարար
Brexit-ի այլընտրանքային տարբերակը, որն առաջարկել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, վկայում է անելանելի դրության մասին, որում նա հայտնվել է։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արդարադատության նախարար Կատարինա Բարլեյը։
«Ես հիասթափված եմ։ Ես տեսնում եմ, որ Մեյը չափազանց ծանր վիճակում է։ Եթե հայտարարվում է պլան Բ-ի մասին, ապա այն պետք է անպայման իրագործվի։ Իսկ այն, ինչը նա ներկայացրել էր, փաստացի անելանելի իրավիճակի էր հանգեցրել», - ասել է Բարլեյը։
«Նա ժամանակ է ձգում, իսկ դա խաղ է կրակի հետ», - Մեյի մասին ասել է գերմանացի նախարարը։
Նրա խոսքով՝ Մեծ բրիտանիայի վարչապետն արդեն բաց է թողել խորհրդարանում Բրյուսելի հետ համաձայնագիրը աջակցության արժանացնելու իր շանսը։
«Նա կենտրոնացել էր փոքրամասնության վրա և հաշվի չէր առել մնացած խմբերի հետաքրքրությունները։ Եթե Մեյը շարունակի նույն ոգով, ապա ամեն ինչ կորած է։ Իսկ հիմա ամեն ինչ դրա մասին է խոսում», - եզրափակել է Գերմանիայի արդարադատության նախարարը։
Հունվարի 21-ին Թերեզա Մեյը խորհրդարան էր ներկայացրել Brexit-ի այլընտրանքային պլանը։ Այժմ պատգամավորները հնարավորություն ունեն իրենց առաջարկությունները ներկայացնել և մտցնել այդ ծրագրում, սակայն պետք է փաստաթղթի էությունը չփոխվի։ Այս փաստաթղթի քննարկումը կտևի մինչև հունվարի 29-ը։ Նույն օրը տեղի կունենա նաև քվեարկությունը։
Հիշեցնենք, որ Brexit-ը պետք է տեղի ունենա մինչև մարտի 29-ը։