Իրանը հաջողությամբ շրջանցում է ամերիկյան պատժամիջոցները․ Ռոհանի
Իրանն օգտագործում է տարբեր ճանապարհներ ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելով իր ածխաջրածիններն արտահանելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։
«Ինչ վերաբերում է ածխաջրածինների արտահանմանը, ապա կարող եմ ուրախությամբ նշել, որ մենք ունենք նավթ վաճառելու տարբեր խողովակներ, որոնք ակտիվորեն օգտագործում ենք։ Մենք հպարտորեն շրջանցում ենք ամերիկյան պատժամիջոցները», - ասել է Ռոհանին։
Նրա խոսքով՝ բոլորն էլ գիտեն, որ ԱՄՆ-ի «խիստ պատժամիջոցներն ուղղված են միայն իրանցի ժողովրդի դեմ, ոչ թե ինչ-որ այլ մարդկանց կամ կազմակերպությունների»։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսին Իրանի կառավարությունը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելու նպատակով մշակվելու է նոր մեխանիզմ, որով ոչ պետական կազմակերպություններին թույլ է տրվելու նավթ արտահանել։ Այդպիսով՝ իրանական նավթը տեղափոխվելու է համաշխարհային բորսաներ, որտեղ մասնավոր հատվածը կարող է գնել այն և վերավաճառել երրորդ երկրին։
2018 թ․ նոյեմբերին հայտնի էր դարձել, որ Իրանը և Եվրամիությունն աշխատում են միջբանկային կապի ալիքի ստեղծման վրա, որպեսզի կարողանան շրջանցել ԱՄՆ-ի պատժամիջոցները։