Ճապոնիայի վարչապետը հրաժարվել է մանրամասներ ներկայացնել Պուտինի հետ հանդիպումից
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հրաժարվել է մանրամասներ ներկայացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից։ Այս մասին գրում է Lenta-ն՝ հղում կատարելով Interfax-ին։
Ճապոնիայի կառավարության ղեկավարը տեղի ունեցած բանակցությունները մեծ մասամբ դրական է գնահատել, սակայն նշել է, որ բանակցությունները ավարտված չեն, և ինքը չի կարող ավել տեղեկություններ հայտնել դրանց մասին։
Աբեի խոսքով՝ նորմալ իրավիճակ չէ, երբ Ռուսաստանի Ճապոնիայի միջև խաղաղության համաձայնագիրը կնքված չէ։ Նա ընդգծել է, որ համաձայնագրի կնքումը կնպաստի խաղաղությանը և ողջ հեռավորարևելյան տարածաշրջանի բարգավաճմանը։
Հունվարի 22-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հանդիպումը։ Բանակցությունները տևել են ավելի քան 3 ժամ։ Հանդիպման ավարտին Պուտինը նշել է խաղաղության համաձայնագրի կնքման նախապայմանները, որոնք պետք է ընդունելի լինեն երկու ժողովուրդների համար էլ։
Աբեն նշել է, որ սպասում է այս տարվա հունիսին G20-ի շրջանակներում Պուտինի հետ կայանալիք հանդիպմանը։ Նա նույնպես անհրաժեշտ է համարում խաղաղության համաձայնագրի կնքումը։
Մոսկվան և Տոկիոն նախորդ դարի կեսերից բանակցություններ են վարում Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում կնքված համաձայնագրի լրամշակման շուրջ։ Այս հարցի հիմնական խոչընդոտը Կուրիլյան կղզիների հարավային մասին պատկանելիության հարցն է։ 1945 թ․ այս ողջ կղզիախումբն անցել է Խորհրդային Միությանը, սակայն ճապոնական կողմը վիճարկում է Իտուրուպի, Կունաշիրի, Շիկոտանի և մի շարք անմարդաբնակ փոքր կղզիների պատկանելիության հարցը։
ՌԴ արտաքին գործերի նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանի ինքնիշխանությունն այս տարածքների վրա չի կարող կասկածի տակ դրվել։