ԱՄՆ-ը պահաջում է Վենեսուելայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել

Միացյալ Նահանգները պաշտոնական հարցում է ուղարկել Վենեսուելայի հարցով հունվարի 26-ին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի արտահերթ նիստ անցկացնելու պահանջով։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչության թվիթերյան հաղորդագրության մեջ։

«ԱՄՆ-ը հարցում է ուղարկել շաբաթ օրը 09։00-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Վենեսուելայում շարունակվող ճգնաժամի հարցով արտահերթ նիստ անցկացնելու մասին», - ասվում է թվիթերյան գրառման մեջ։

Ավելի վաղ ՄԱԿ-ում Հարավաֆրիկյան Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ջերի Մեթիլյան հայտարարել էր, որ ԱԽ նիստին կարող է մասնակցել նաև ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, խոսելով Վենեսուելայում ստեղծված իրավիճակի մասին, հայտարարել էր, որ «կարիք չկա ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում քննարկել այդ հարցը, քանի որ այն Վենեսուելայի ներքին գործն է»։

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Վենեսուելայում տեղի են ունեցել մի շարք զանգվածային հակակառավարական ցույցեր, որոնք կազմակերպել էր ընդդիմությունը։ Մի շարք վայրերում դրանք վերաճել էին բախումների իրավապահների հետ, ինչի արդյունքում զոհեր են գրանցվել։ Pitazo թերթի տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է 16 մարդ։

Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար։ Նրան երկրի ժամանակավոր ղեկավար են ճանաչել տարածաշրջանի մի շարք պետություններ, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Չիլին և Էկվադորը։

Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը համարում է պետական հեղաշրջում, որը կազմակերպել է Վաշինգտոնը։ Նա հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.