Վենեսուելայում ընդդիմության առաջնորդն իրենց դիվանագետներին առաջարկել է մնալ ԱՄՆ-ում

Վենեսուելայում ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն, որն իրեն հռչակել է երկրի ժամանակավոր ղեկավար, առաջարկել է վենեսուելացի դիվանագետներին մնալ ԱՄՆ-ում՝ հաշվի չառնելով նախագահ Նիկոլաս Մադուրոյի որոշումը ԱՄՆ-ում դիվանագիտական ներկայացուցչությունները փակելու մասին։

«Ես ձեզ այսօր ասում եմ՝ դուք կարող եք մնալու որոշում կայացնել և կընդունվեք Վենեսուելայի ժողովրդի կողմից», - իր թվիթերյան էջում գրել է Գուաիդոն։

Նա նաև խնդրել է սոցցանցերի օգտատերերին այս հաղորդագրությունը տարածել և հասցնել ԱՄՆ-ում Վենեսուելայի հյուպատոսությունների բոլոր աշխատակիցներին։

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Վենեսուելայում տեղի են ունեցել մի շարք զանգվածային հակակառավարական ցույցեր, որոնք կազմակերպել էր ընդդիմությունը։ Մի շարք վայրերում դրանք վերաճել էին բախումների իրավապահների հետ, ինչի արդյունքում զոհեր են գրանցվել։ Pitazo թերթի տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան երկու տասնյակ մարդ։

Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար։ Նրան երկրի ժամանակավոր ղեկավար են ճանաչել տարածաշրջանի մի շարք պետություններ, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Չիլին և Էկվադորը։

Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը համարում է պետական հեղաշրջում, որը կազմակերպել է Վաշինգտոնը։ Նա հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու և ամերիկացի դիվանագետներին արտաքսելու մասին։ Իր հերթին, ամերիկյան կողմը հայտարարել է, որ Մադուրոն չի կարող նման պահանջ ներկայացնել, քանի որ այդ իրավասությունը չունի, և «փաստացի երկրի ղեկավար չէ»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.