ԱՄՆ-ը կարող է փետրվարի 2-ին հայտարարել Միջին և ցածր հեռահարության հրթիռների մասին պայմանագրին իր մասնակցությունը դադարեցնելու մասին
Վաշինգտոնը պատրաստվում է փետրվարի 2-ին հայտարարել Միջին և ցածր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրին իր մասնակցությունը դադարեցնելու մասին։ Այս մասին տեղեկացնում է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով Սպիտակ տան աղբյուրներին։
Լրատվականը գրում է, որ դեռ պարզ չէ, թե արդյոք միաժամանակ կհայտարարվի պայմանագրից ամբողջությամբ դուրս գալու մասին։ Ինչպես նշում է աղբյուրը, Թրամփի վարչակազմը հակված է դրան։ Բացի այդ, ՆԱՏՕ-ում նույնպես մի քանի ամիս է՝ նախապատրաստվում են պայմանագրի դադարեցմանը։
Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռիբկովը հայտարարել էր, որ ՄՑՀՀՊ-ին մասնակցությունը հնարավոր չէ դադարեցնել, քանի որ հրթիռների ստուգման և ոչնչացման գործընթացն ավարտվել է դեռ 2000 թվականին։
«Իրականում այդ պայմանագրի իրականացումը դադարեցնելու ոչինչ չկա։ Այն կարելի է խախտել միայն արգելված զինատեսակը ստեղծելով և տարածելով», - ասել է Ռիբկովը։
Հունվարի 15-ին Ժնևում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև տեղի են ունեցել ՄՑՀՀՊ-ի հարցով բանակցություններ։ Հանդիպման արդյունքում Սերգեյ Ռիբկովը հայտարարել է, որ ամերիկյան կողմը նույնիսկ չի էլ փորձել որևէ կերպ մոտեցնել դիրքորոշումները։ ԱՄՆ պետքարտուղարի՝ սպառազինության վերահսկողության և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Անդրեա Թոմսոնը հերթական անգամ Ռուսաստանին մեղադրել է պայմանագրի դրույթները խախտելու մեջ։ Նա հայտարարել է, որ Միացյալ Նահանգները փետրվարի 2-ին դուրս կգա պայմանագրից, եթե Մոսկվան մինչև այդ չոչնչացնի 9М729 հրթիռը, որն, ըստ ամերիկյան կողմի, հակասում է պայմանագրին։