Մեծ Բրիտանիան վիզային ռեժիմ կսահմանի ԵՄ քաղաքացիների նկատմամբ, եթե Brexit-ը տեղի ունենա առանց Բրյուսելի հետ համաձայնագրի կնքման
Լոնդոնը պատրաստվում է վիզային ռեժիմ սահմանել երեք ամսից ավել Մեծ Բրիտանիայում մնալ պատրաստվող ԵՄ քաղաքացիների նկատմամբ, եթե Brexit-ն իրականացվի առանց Լոնդոնի և Բրյուսելի միջև հետագա համագործակցության մասին համաձայնագրի։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում կատարելով Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդին։
ՆԳՆ ղեկավարի խոսքով՝ մարտի 29-ին «կոշտ Brexit»-ից հետո Մեծ Բրիտանիան և Եվրոպական Միությունը «հավերժ կդադարեցնեն քաղաքացիների ազատ տեղաշարժը, ինչը համապատասխանում է հանրաքվեի արդյունքներին»։
«Մենք պետք է ընդունենք գործնական մոտեցումները և նվազագույնի հասցնենք բոլոր խախոտւմները, որպեսզի երաշխավորենք բիզնեսի համար Մեծ Բրիտանիայի ազատ լինելը։ Հենց այս պատճառով էլ մենք սահմանում ենք ժամանակային առումով սահմանափակ անցումային մեխանիզմներ ԵՄ քաղաքացիների համար, որոնք մարտի 29-ից հետո ժամանելու են Մեծ Բրիտանիա», - ասել է Ջավիդը։
Առանց համաձայնագրի Brexit-ի սցենարի համաձայն՝ ԵՄ քաղաքացիները Մեծ Բրիտանիա ժամանելու համար պետք է թույլտվություն ստանան, եթե ցանկանում են այդտեղ մնալ երեք ամսից ավել։ Այս ներգաղթային կարգավիճակը կարող է ձգվել մինչև երեք տարի, իսկ դրա ստացման համար պետք է վճարել սահմանված տուրքը և անցնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ կապված ինքնության ստուգման հետ։