Մադուրոն հայտարարել է ընդդիմության հետ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ պատրաստ է միջազգային միջնորդների մասնակցությամբ ընդդիմության հետ բանակցություններ սկսել ։ Այս մասին Մադուրոն խոսել է Ռիա Նովոստի-ին տված հարցազրույցի ժամանակ։

«Ես պատրաստ եմ ընդդիմության հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ հանուն Վենեսուելայի խաղաղության և ապագայի», - ասել է նախագահը։

Խոսելով բանակցություններին միջազգային միջնորդների մասնակցության հնարավորության մասին՝ Մադուրոն նշել է, որ աշխարհում կան «մի քանի կառավարություններ և կազմակերպություններ, որոնք իսկապես անհանգստացած են Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձություններով, և հենց նրանք էլ երկխոսության կոչ են արել»։

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Վենեսուելայում տեղի են ունեցել մի շարք զանգվածային հակակառավարական ցույցեր, որոնք կազմակերպել էր ընդդիմությունը։ Մի շարք վայրերում դրանք վերաճել էին բախումների իրավապահների հետ, ինչի արդյունքում զոհեր են գրանցվել։ Pitazo թերթի տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան երկու տասնյակ մարդ։

Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար։ Նրան երկրի ժամանակավոր ղեկավար են ճանաչել տարածաշրջանի մի շարք պետություններ, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Չիլին և Էկվադորը։

Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը համարում է պետական հեղաշրջում, որը կազմակերպել է Վաշինգտոնը։ Նա հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու և ամերիկացի դիվանագետներին արտաքսելու մասին։ Իր հերթին, ամերիկյան կողմը հայտարարել է, որ Մադուրոն չի կարող նման պահանջ ներկայացնել, քանի որ այդ իրավասությունը չունի, և «փաստացի երկրի ղեկավար չէ»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.