Թրամփը և Պուտինը G20-ի շրջանակներում ունեցած հանդիպման ժամանակ շփվել են առանց թարգմանչի․ FT

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախորդ տարի Բուենոս Այրեսում տեղի ունեցած G20-ի գագաթնաժողովի ժամանակ 15 րոպե զրույցել են առանց ամերիկացի թարգմանչի, որը պետք է նշումներ աներ զրույցի բովանդակության վերաբերյալ։ Այս մասին գրում է Financial Times-ը։

Նշվում է, որ երկու երկրների ղեկավարները ոչ ֆորմալ երկխոսություն են ունեցել Կոլոն թատրոնում, երբ այստեղ կազմակերպված միջոցառմանը ժամանած հյուրերն արդեն սկսել էին հեռանալ։ Թրամփին ուղեկցել է իր կինը՝ Մելանյան, իսկ Պուտինին՝ միայն իր թարգմանիչը։ Հատկանշական է, որ ամերիկյան կողմից չի եղել մեկը, որը կթարգմաներ և կսղագրեր զրույցի բովանդակությունը։

Լրատվականը, հղում կատարելով ռուս բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին, հաղորդում է, որ երկու երկրների ղեկավարները շուրջ 15 րոպե քննարկել են արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ Ազովի ծովում տեղի ունեցած միջադեպը և Սիրիայի հարցը։ Քննարկվել է նաև պաշտոնական հանդիպում կազմակերպելու հնարավորությունը։

Հատկանշական է, որ ԱՄՆ պետքարտուղարությունում և Սպիտակ տանը հրաժարվել են մեկնաբանություն տալ այս թեմայով։

Նախորդ տարի Հելսինկիում Թրամփի և Պուտինի հանդիպումից հետո ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության անդամները հանդիպմանը ներկա թարգմանչից պահանջում էին Կոնգրեսում վկայություն տալ և ներկայացնել հանդիպման մանրամասները։ Թրամփին քննադատողները վստահեցնում են, որ նա թաքցնում է Պուտինի հեն ունեցած հանդիպումների մանրամասները։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.