ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ հանդիպմանը չհաջողվեց որևէ առաջընթաց գրանցել․ Ռիբկով
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Անդրեա Թոմսոնի հետ հանդիպումը որևէ առաջընթաց չգրանցեց Միջին և ցածր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի հարցում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռիբկովը։
«Ցավոք, առաջընթաց չկա։ Ամերիկյան կողմի դիրքորոշումը չափազանց կոշտ է՝ ուլտիմատիվ։ Մենք նրանց ասացինք, որ Ռուսաստանի հետ շանտաժի լեզվով խոսել հնարավոր չէ», - ասել է Ռիբկովը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պատրաստ չէ Ռուսատանի հետ երկխոսել թափանցիկության մթնոլորտում։
«Տեղի ունեցող իրադարձությունների ամբողջ պատասխանատվությունն ընկած է Վաշինգտոնի վրա։ Նրանք զբաղեցրել են բացարձակ ապակառուցողական դիրք, խոսում են չափազանց կոշտ տոնով և իրենք իրենց սահմանել են 60-օրյա ժամկետ, որի ընթացքում մենք պետք է կատարենք իրենց վերջնագրերը», - շարունակել է ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ հավելելով, որ պետքարտուղարի տեղակալը չի արձագանքել ՄՑՀՀՊ-ի մասին ռուսական կողմի անհանգստություններին։
«Որևէ արձագանք չեղավ մեր պահանջներին՝ կապված ամերիկյան ունիվերսալ համակարգերի հետ, որոնք արդեն տեղակայված են Ռումինիայում և առաջիկայում կհայտնվեն նաև Լեհաստանում։ Որևէ տեղաշարժ չի գրանցվել նաև մեր բարձրացրած մյուս հարցերի վեևրաբերյալ, որոնցից մեկը կապված է ԱՄՆ-ում գործարկվող հրթիռ-թիրախների հետ։ Այն իր բնութագրով չափազանց նման է միջին հեռահարության բալիստիկ հրթիռի», - նշել է Ռիբկովը։
Նա հավաստիացրել է, որ չնայած ամերիկյան կողմի նման դիրքորոշմանը, իրենց «շարունակելու են աշխատել պայմանագիրը պահպանելու և եվրոպական անվտանգությունն ապահովելու համար»։
«Մենք շարունակելու ենք աշխատել։ Մենք պատրաստ ենք գտնել նոր լուծումներ, չնայած՝ հասկանում ենք, որ դա անելն արդեն չափազանց բարդ կլինի», - ավարտել է Ռիբկովը։