Վենեսուելայի ընդդիմության առաջնորդը չի բացառում ԱՄՆ-ի ռազմական միջամտության հնարավորությունը

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն ոչ ցանկալի է համարում ԱՄՆ-ի ռազմական միջամտությունը երկրում տիրող իրավիճակին, սակայն չի բացառում դրա հնարավորությունը։ Այս մասին Գուաիդոն խոսել է CNN-ին տված հարցազրույցի ժամանակ։

Լրագրողի հարցին, թե արդյոք ինքն ԱՄՆ-ին դիմել է ռազմական միջամտություն անելու խնդրանքով, Գուաիդոն պատասխանել է, որ վենեսուելացիները ցանկանում են հնարավոր բոլոր մեթոդներով ճնշում գործադրել և իշխանությունից հեռացնել Մադուրոյին։

«Մենք Վենեսուելայում քննարկում ենք բոլոր տարբերակները, որպեսզի ստիպված չլինենք գալ այդ սցենարին․ դա ցանկալի չէ», - ասել է Գուաիդոն՝ հավելելով, որ որևէ կերպ չի բանակցում Մադուրոյի հետ։

Հիշեցնենք, որ հունվարի 23-ից Վենեսուելայում տեղի են ունենում զանգվածային հակակառավարական ցույցեր, որոնք կազմակերպում էր ընդդիմությունը։ Մի շարք վայրերում դրանք վերաճել են բախումների իրավապահների հետ, ինչի արդյունքում զոհեր են գրանցվել։ Pitazo թերթի տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան երկու տասնյակ մարդ։

Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար։ Նրան երկրի ժամանակավոր ղեկավար են ճանաչել տարածաշրջանի մի շարք պետություններ, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Չիլին և Էկվադորը։

Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը համարում է պետական հեղաշրջում, որը կազմակերպել է Վաշինգտոնը։ Նա հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու և ամերիկացի դիվանագետներին արտաքսելու մասին։ Իր հերթին, ամերիկյան կողմը հայտարարել է, որ Մադուրոն չի կարող նման պահանջ ներկայացնել, քանի որ այդ իրավասությունը չունի, և «փաստացի երկրի ղեկավար չէ»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.