Վաշինգտոնն Իսպանիայի իշխանություններին ստիպում է խզել բոլոր տեսակի կապերը Նիկոլաս Մադուրոյի հետ․ El Pais

ԱՄՆ-ը ճնշումներ է գործադրում Իսպանիայի վրա, որպեսզի վերջինս խզի բոլոր կապերը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ։ Այս մասին գրում է TASS-ը՝ հղում կատարելով El Pais թերթին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հունվարի 22-ին իսպանացի դիվանագետները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ-ի ազգային անվտանգության ծառայության և պետքարտուղարության աշխատակիցների հետ։ Հանդիպմանն ամերիկյան կողմը, չներկայացնելով լրացուցիչ մանրամասներ, հայտարարել է, որ Վենեսուելայում սպասվում են «կարևոր իրադարձություններ»։ Շուտով Մադրիդում ԱՄՆ դեսպանատան միջոցով Իսպանիայի իշխանություններին տեղեկացվել է, որ ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն իրեն հռչակելու է երկրի ժամանակավոր ղեկավար։

Այս իրադարձություններից հետո՝ հունվարի 24-ին, Իսպանիայի ԱԳ նախարար Խոսեպ Բորելը հանդիպել է Մադրիդում ԱՄՆ դեսպանի հետ։ Դեսպանը նախարարին փոխանցել է, որ Վաշինգտոնը վենեսուելական ճգնաժամի հարցում  չափազանց մեծ կարևորություն է տալիս Իսպանիայի և Պորտուգալիայի դերին։ Բացի այդ, ամերիկացի դեսպանը ներկայացրել է երկու պահանջ․ անմիջապես ճանաչել Խուան Գուաիդոյին որպես երկրի ժամանակավոր ղեկավար և խզել բոլոր տեսակի կապերը Նիկոլաս Մադուրոյի հետ։

«Մեզ վրա այս կերպ մեծ ճնշում է գործադրվել։ Ես չեմ ասի, թե ում կողմից, սակայն դուք կարող եք պատկերացնել, քանի որ մենք դեմ ենք քվեարկել Վենեսուելայում տիրող իրավիճակի վերաբերյալ միջազգային խմբի ստեղծմանը», - El Pais-ի փոխանցմամբ, հայտարարել է Բորելը։

Հիշեցնենք, որ հունվարի 23-ից Վենեսուելայում տեղի են ունենում զանգվածային հակակառավարական ցույցեր, որոնք կազմակերպում էր ընդդիմությունը։ Մի շարք վայրերում դրանք վերաճել են բախումների իրավապահների հետ, ինչի արդյունքում զոհեր են գրանցվել։ Pitazo թերթի տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան երկու տասնյակ մարդ։

Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար։ Նրան երկրի ժամանակավոր ղեկավար են ճանաչել տարածաշրջանի մի շարք պետություններ, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Չիլին և Էկվադորը։

Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը համարում է պետական հեղաշրջում, որը կազմակերպել է Վաշինգտոնը։ Նա հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու և ամերիկացի դիվանագետներին արտաքսելու մասին։ Իր հերթին, ամերիկյան կողմը հայտարարել է, որ Մադուրոն չի կարող նման պահանջ ներկայացնել, քանի որ այդ իրավասությունը չունի, և «փաստացի երկրի ղեկավար չէ»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.