ԱՄՆ-ը պաշտոնապես հայտնել է Ռուսաստանին Միջին և ցածր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից դուրս գալու մասին
Վաշինգտոնը պաշտոնապես հայտնել է Մոսկվային Միջին և ցածր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրին իր մասնակցությունը դադարեցնելու և դրանից դուրս գալու գործընթաց սկսելու մասին։ Այս մասին ասվում է Ռուսատանի Դաշնության արտգործնախարարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
«Փետրվարի 2-ին ԱՄՆ պետքարտուղարությունը Ռուսաստանի Դաշնությանը ծանուցել է 1987 թ․ կնքված Միջին և ցածր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրին իր մասնակցությունը դադարեցնելու և պայմանագրից դուրս գալու գործընթաց սկսելու մասին։ Ամերիկացիները հայտարարել են, որ այլևս այդ փաստաթղթի հետ առնչություն չունեն և կարող են ազատորեն մշակել նոր հրթիռներ, որոնք արգելված էին փաստաթղթով», - ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ Մոսկվան, այնուամենայնիվ, պատրաստ է շարունակել երկխոսությունը, եթե Վաշինգտոնը դադարեցնի իր ապակառուցողական գործելաոճը և վերադառնա ՄՑՀՀՊ-ի դրույթների կատարմանը։
«Ռուսաստանը ԱՄՆ-ի՝ պայմանագրից դուրս գալուց հետո ամեն ինչ անելու է իր անվտանգությունն ապահովելու համար։ Վաշինգտոնի կողմից նոր սպառնալիքներ հայտնվելու դեպքում ստիպված կլինենք անել անհրաժեշտ ամեն բան մեր ազգային շահը պաշտպանելու համար», - հաղորդել են ՌԴ արտգործնախարարությունից։
Հունվարի կեսերին ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել էին, որ իրենք փետրվարի 2-ին դուրս կգան ՄՑՀՀՊ-ից, եթե Մոսկվան չկատարի պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները։ Մասնավորապես, ԱՄՆ իշխանությունները նշում են, որ 9М729 թեևավոր հրթիռի փաստացի հեռահարությունը գերազանցում է թույլատրելիի սահմանը։ Ռուս զինվորականները հավաստիացնում են, որ նման պնդումները որևէ աղերս չունեն իրականության հետ։