Վենեսուելայում առաջիկայում չեն լինի արտահերթ նախագահական ընտրություններ․ Մադուրո

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մերժում է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու ընդդիմության պահանջը։ Այս մասին երկրի ղեկավարը հայտարարել է RT-ին տված հարցազրույցի ընթացքում։

«Ընդդիմության խնդիրը ևս մեկ ընտրություն անցկացնելը չէ։ Մենք վերջին 20 տարվա մեջ անցկացրել են 25 ընտրություններ։ Միայն վերջին մեկուկես տարվա ընթացքում տեղի է ունեցել վեց քարոզարշավ։ 2018 թ․ անցկացված նախագահական ընտրությունները տեղի են ունեցել նախանշված ժամկետից շուտ հենց ընդդիմության առաջարկով», - ասել է Մադուրոն՝ հավելելով, որ միակ ընտրությունները, որոնք տեղի են ունենալու առաջիկայում, 2020 թվականի խորհրդարանական ընտրություններ են։

Խոսելով վենեսուելական ճգնաժամին ամերիկյան հնարավոր ռազմական միջամտության մասին՝ Մադուրոն հայտարարել է, որ դա կարող է հանգեցնել մարդկային և ռազմական ահռելի կորուստների։

«Մենք պատրաստվում ենք այն բանին, որ ռազմական միջամտություն կատարելն ԱՄՆ-ի վրա չափազանց ծանր նստի թե ծախսերի, թե կորուստների առումով», - շարունակել է Նիկոլաս Մադուրոն։

Նա հավելել է, որ պատերազմից կարելի է խուսափել «միջազգային հանրության քայլերի և դիվանագիտության շնորհիվ»։

«Սակայն սա չի նշանակում, որ մենք չենք պատրաստվում պաշտպանել մեր հայրենիքը», - ավարտել է Վենեսուելայի նախագահը։

Հունվարի 23-ից Վենեսուելայում տեղի են ունենում զանգվածային հակակառավարական ցույցեր, որոնք կազմակերպում էր ընդդիմությունը։ Մի շարք վայրերում դրանք վերաճել են բախումների իրավապահների հետ, ինչի արդյունքում զոհեր են գրանցվել։ Pitazo թերթի տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան երկու տասնյակ մարդ։

Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար։ Նրան երկրի ժամանակավոր ղեկավար են ճանաչել տարածաշրջանի մի շարք պետություններ, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Չիլին և Էկվադորը։

Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը համարում է պետական հեղաշրջում, որը կազմակերպել է Վաշինգտոնը։ Նա հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու և ամերիկացի դիվանագետներին արտաքսելու մասին։ Իր հերթին, ամերիկյան կողմը հայտարարել է, որ Մադուրոն չի կարող նման պահանջ ներկայացնել, քանի որ այդ իրավասությունը չունի, և «փաստացի երկրի ղեկավար չէ»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.