ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև երկրորդ գագաթնաժողովը տեղի կունենա փետրվարի 27-28-ին
ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև բարձր մակարդակի հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 27-28-ին Վիետնամում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կհանդիպենք այս ամսվա 27-28-ին Վիետնամում», - ԱՄՆ Կոնգրեսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի առջև ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Թրամփը։
Նա չի նշել, սակայն, թե կոնկրետ որ քաղաքում է տեղի ունենալու հանդիպումը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն այսօր վարում է «շատ համարձակ արտաքին քաղաքականություն՝ քայլեր ձեռնարկելով Կորեական թերակղզում պատմական խաղաղության հասնելու ուղղությամբ»։
Այս կապակցությամբ Թրամփը նշել է, որ ԿԺԴՀ-ն ազատ է արձակել այնտեղ ձերբակալված ամերիկացիների և դադարեցրել է միջուկային և հրթիռային փորձարկումները։
«Եթե ես չընտրվեի ԱՄՆ նախագահ, ապա այսօր, ամենայն հավանականությամբ, մենք ԿԺԴՀ-ի հետ կլինեինք լայնամասշտաբ պատերազմի մեջ, ինչը կարող էր հանգեցնել նույնիսկ միլիոնավոր զոհերի», - ասել է Թրամփը՝ հավելելով, որ ինքը շատ լավ հարաբերությունների մեջ է Կիմ Չեն Ընի հետ։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունիսի 12-ին Սինգապուրում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Կիմ Չեն Ընը և Դոնալդ Թրամփը պայմանավորվել էին, որ ԿԺԴՀ-ը դադարեցնելու է միջուկային և հրթիռային փորձարկումները երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման դիմաց։