Իրաքը չի պատրաստվում միանալ Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցներին․ Իրաքի վարչապետ
Իրաքը չի դառնա Իրանի նկատամամբ ԱՄՆ-ի պատժամիջոցային քաղաքականության մասը։ Այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Աբդել Ադել Մահդին։
«Իրաքը երբեք չի միանա Իրանի կամ ցանկացած այլ պետության դեմ պատժամիջոցներին։ Ես բարձր եմ գնահատում Թեհրանի և Բաղդադի միջև հարաբերությունների զարգացումը և շնորհակալություն եմ հայտնում Իրանին ահաբեկչության դեմ պայքարին օժանդակելու համար», - հայտարարել է Իրաքի կառավարության ղեկավարը։
Այս հայտարարությունը հնչել է Աբդել Մահդիի՝ Վաշինգտոն կատարելիք այցի մասին տեղեկությունների տարածման ֆոնին։ Նշվում է, որ Իրաքի վարչապետը պատրաստվում է Վաշինգտոնում բարձրացնել հակաիրանական պատժամիջոցների գործողությունների տակից Բաղդադին դուրս հանելու հարցը։
Տարեկան Իրանից Իրաք է մատակարարվում 28 միլիոն խորանարդ մետր գազ, որն ապահովում է Իրաքի հարավային շրջաները և ապահովում է էլեկտրոցանցերի աշխատանքը։ Թեհրանը հարևան պետություն է արտահանում նաև էլեկտրաէներգիա։
Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների վերականգնումից հետո ԱՄՆ իշխանություններն Իրաքին տվեցին 45 օր ժամանակ Իրանի հետ համագործակցությունը դադարեցնելու համար, որից հետո տրվեց ևս 90 օր։ Բաղդադում հայտարարեցին, որ դրա համար անհրաժեշտ կլինի ամենաքիչը մի քանի տարի։