ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Մակեդոնիայի հետ կնքված արձանագրությունը համարում է ազդանշան Վրաստանի համար

ՆԱՏՕ-ի և Մակեդոնիայի միջև Դաշինքին անդամակցելու մասին արձանագրության կնքումը Վրաստանի համար նշան է, որ կազմակերպության դռները բաց են նոր անդամների համար։ Այս մասին ՆԱՏՕ-ի շտաբ բնակարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։
«ՆԱՏՕ-ի դռները շարունակում են բաց մնալ Վրաստանի համար, եթե Թբիլիսին համապատասխանի անդամակցության համար բոլոր չափորոշիչներին։ Սա ազդանշան է Վրաստանի համար», - հայտարարել է Սթոլթենբերգը՝ խոստանալով շարունակել օժանդակությունը երկրի ինքնիշխանության և բարեփոխումների հարցում։
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի անդամ 29 պետությունները և Մակեդոնիան Բրյուսելում՝ Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանում, կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի և Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Նիկոլա Դիմիտրովի ներկայությամբ ստորագրել են արձանագրություն Մակեդոնիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու մասին։
Այժմ նշված արձանագրությունը պետք է վեվարեցնեն Դաշինքի անդամ բոլոր պետությունները, որից հետո փաստաթուղթը կարող է վավերացնել նաև Մակեդոնիան։
Ակնկալվում է, որ այս գործընթացները կավարտվեն ընթացիկ տարվա վերջին, և Մակեդոնիան արդեն պաշտոնապես կդառնա ՆԱՏՕ-ի 30-րդ անդամը դեկտեմբերին Լոնդոնում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ, որտեղ Դաշինքը կնշի իր հիմնադրման 70-ամյակը։
ՆԱՏՕ-ին անդամակնցելու համար Մակեդոնիայի իշխանությունները ստիպված եղան փոխել երկրի անվանումը։ Այն այժմ կոչվում է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն։