Մադուրոն պատրաստվում է 10 միլիոն ստորագրություն հավաքել ամերիկյան միջամտության դեմ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ցանկանում է հավաքել 10 միլիոն ստորագրություն ԱՄՆ-ի՝ իր երկրի ներքին գործերին միջամտելու դեմ։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում։

«Ես շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք եկել են Բոլիվարյան հրապարակ, որպեսզի դեմ արտահայտվեն ամերիկյան կայսրության միջամտության մեր երկրի ներքին գործերին։ Սա սիրո և գիտակցության հրաշալի դրսևորում է։ Մենք պատրաստվում ենք 10 միլիոն ստորագրություն հավաքել ամբողջ աշխարհով մեկ», - հայտարարել է Մադուրոն։

Ավելի վաղ Կարակասում սկսվել էր ստորագրությունների հավաքման արշավ՝ ընդդեմ ամերիկյան միջամտության։ Վենեսուելայի յուրաքանչյուր քաղաքացի կարող է իր անձը հաստատող փաստաթղթով ստորագրել այդ պահանջի տակ։

Հունվարի 23-ից Վենեսուելայում տեղի են ունենում զանգվածային հակակառավարական ցույցեր, որոնք կազմակերպում էր ընդդիմությունը։ Մի շարք վայրերում դրանք վերաճել են բախումների իրավապահների հետ, ինչի արդյունքում զոհեր են գրանցվել։ Pitazo թերթի տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան երկու տասնյակ մարդ։

Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար։ Նրան երկրի ժամանակավոր ղեկավար են ճանաչել տարածաշրջանի մի շարք պետություններ, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Չիլին և Էկվադորը։

Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը համարում է պետական հեղաշրջում, որը կազմակերպել է Վաշինգտոնը։ Նա հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու և ամերիկացի դիվանագետներին արտաքսելու մասին։ Իր հերթին, ամերիկյան կողմը հայտարարել է, որ Մադուրոն չի կարող նման պահանջ ներկայացնել, քանի որ այդ իրավասությունը չունի, և «փաստացի երկրի ղեկավար չէ»։

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.