Տնտեսական պատժամիջոցները Վենեսուելային հասցրել են 350 միլիարդ դոլարի վնաս
2013 թվականից ի վեր Վենեսուելայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները երկրին հասցրել են 350 միլիարդ դոլարի վնաս։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով աշխարհաքաղաքական հարցերով ռազմավարական լատինաամերիկյան կենտրոնի զեկույցին։
«Ֆինանսական և տնտեսական բոյկոտի հետեևանքով ուղղակի վնասը կազմել է ՀՆԱ-ի 1,1-1,6 չափ։ Սա կազմում է 245-350 միլիարդ դոլար, ինչը ամեն քաղաքացու հաշվով ստացվում է 8400-ից մինչև 12100 դոլար», - ասվում է փաստաթղթում։
Բացի այդ, նշվում է նաև վենեսուելացիների միգրացիայի մասին, որն անվանվում է «հումանիտար խնդիր»։
«Ցավոք, միգրացիոն դրաման կապված էր ոչ միայն քաղաքական շրջափակմամբ, այլ նաև ծառայում է որպես ամերիկյան միջամտության արդարացում», - ասվում է զեկույցում։
Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցներն առաջին տարին չէ, որ գործում են։ Այս տարվա հունվարի վերջին ԱՄՆ-ն հայտարարեց վենեսուելական PDVSA նավթային ընկերության նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Բացի այդ, Վաշինգտոնը հայտարարեց, որ ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին հասանելիություն է տրամադրվում ամերիկյան բանկերում Վենեսուելայի կառավարության ակտիվներին։
Հիշեցնենք, որ Հունվարի 23-ից Վենեսուելայում տեղի են ունենում զանգվածային հակակառավարական ցույցեր, որոնք կազմակերպում էր ընդդիմությունը։ Մի շարք վայրերում դրանք վերաճել են բախումների իրավապահների հետ, ինչի արդյունքում զոհեր են գրանցվել։ Pitazo թերթի տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան երկու տասնյակ մարդ։
Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար։ Նրան երկրի ժամանակավոր ղեկավար են ճանաչել տարածաշրջանի մի շարք պետություններ, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Չիլին և Էկվադորը։
Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը համարում է պետական հեղաշրջում, որը կազմակերպել է Վաշինգտոնը։ Նա հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու և ամերիկացի դիվանագետներին արտաքսելու մասին։ Իր հերթին, ամերիկյան կողմը հայտարարել է, որ Մադուրոն չի կարող նման պահանջ ներկայացնել, քանի որ այդ իրավասությունը չունի, և «փաստացի երկրի ղեկավար չէ»։