ԱՄՆ-ն Լեհաստանին կառաջարկի ռազմաբազա տեղակայել երկրում Իրանի և Չինաստանի հետ համագործակցությունից հրաժարվելու պայմանով
Միացյալ Նահանգները պատրաստվում է Լեհաստանին առաջարկել ռազմաբազա տեղակայել երկրի տարածքում, որի փոխարեն Լեհաստանը պետք է հրաժարվի Իրանի և Չինաստանի հետ սերտ համագործակցությունից։ Այս մասին գրում է Rzeczpospolita թերթը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին։
Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի այցը Հունգարիա, Սլովակիա և Լեհաստան կապված է Կենտրոնական Եվրոպայում Պեկինի ազդեցությունը թուլացնելու ցանկության հետ։ Ինչպես գրում է թերթը, սա Լեհաստանի համար մարտահրավեր է, քանի որ Վարշավան հույս ունի երկրի ենթակառուցվածքներում չինական ներդրումներ ներգրավել։
«Լեհաստանի արտաքին քաղաքականության այս վերակողմնորոշումը կարող է սպառնալ Ֆրանսիայի, Գերմանիայի և ԵՄ անդամ այլ պետությունների հետ հարաբերությունների լավացմանը», - գրում է թերթը։
Նշվում է, սակայն, որ ամեն ինչ խոսում է Լեհաստանի՝ ամերիկյան առաջարկն ընդունելու մասին։ Այս պահին Վաշինգտոնը լրամշակում է ռազմական ներկայությունն այստեղ ամրապնդելու և ընդարձակելու առաջարկը, որը Լեհաստանին կանի ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը։
Լեհաստանը և Միացյալ Նահանգներն ամերիկյան ռազմական ներկայության հարցը քննարկում են դեռ նախորդ տարվա աշնանից սկսած։ Վարշավան նույնիսկ համաձայնել է մինչև 2 միլիոն դոլար տրամադրել ամերիկյան ռազմաբազայի ենթակառուցվածքների համար։
Լեհաստանի պաշտպանության նախարարն ավելի վաղ տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ բանակցություններն ընթանում են ճիշտ ճանապարհով։