Վաշինգտոնը Վենեսուելայում կորցրել է ամոթի զգացումը․ Լավրով

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը խստորեն քննադատել է Վենեսուելայում Վաշինգտոնի գործողությունները։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն։

«Մենք ամենասկզբից էլ աջակցել ենք Վենեսուելայի բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ համազգային երկխոսություն սկսելու մասին Ուրուգվայի և Մեքսիկայի նախաձեռնությունը», - հայտարարել է Լավրովը։

Հատկանշական է, որ Նիկոլաս Մադուրոն պատրաստակամություն է հայտնել մասնակցելու այս երկխոսությանը, սակայն ընդդիմությունը մերժել է առաջարկը։

«Երևում է այն պատճառով, որ ամերիկացիներն են ներկայացուցիչները և ցանկանում են հարցը լուծել իրենց տարբերակով։ Նրանք կորցրել են ամոթի զգացումը», - շարունակել է Լավրովը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մոնտեվիդեոյի մեխանիզմը», որը նախաձեռնել էին Ուրուգվայը, Մեքսիկան և Կարիբյան համայնքը (CARICOM), իրենից ենթադրում էր չորս փուլ․ երկխոսության մեկնարկ, բանակցային գործընթաց, համաձայնության մշակում և դրա իրականացում։

Հիշեցնենք, որ Հունվարի 23-ից Վենեսուելայում տեղի են ունենում զանգվածային հակակառավարական ցույցեր, որոնք կազմակերպում էր ընդդիմությունը։ Մի շարք վայրերում դրանք վերաճել են բախումների իրավապահների հետ, ինչի արդյունքում զոհեր են գրանցվել։ Pitazo թերթի տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան երկու տասնյակ մարդ։

Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար։ Նրան երկրի ժամանակավոր ղեկավար են ճանաչել տարածաշրջանի մի շարք պետություններ, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Չիլին և Էկվադորը։

Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը համարում է պետական հեղաշրջում, որը կազմակերպել է Վաշինգտոնը։ Նա հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու և ամերիկացի դիվանագետներին արտաքսելու մասին։ Իր հերթին, ամերիկյան կողմը հայտարարել է, որ Մադուրոն չի կարող նման պահանջ ներկայացնել, քանի որ այդ իրավասությունը չունի, և «փաստացի երկրի ղեկավար չէ»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.