Նեթանյահուն հաստատել է Սիրիայում իրանական դիրքերին հարվածելու մասին տեղեկությունները
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաստատել է փետրվարի 11-ին Սիրիայում իրանական դիրքերին հարվածելու մասին տեղեկությունները։ Այս մասին Նեթանյահուն խոսել է Վարշավա մեկնելուց առաջ, որտեղ նա պետք է մասնակցի Միացյալ Նահանգների և Լեհաստանի կողմից կազմակերպված Մերձավոր Արևելքի վերաբերյալ նախարարական ժողովին։
«Իսրայելը մշտապես քայլեր է ձեռնարկում Իրանին զսպելու համար, վերջինը եղել է փետրվարի 11-ին», - հայտարարել է Նեթանյահուն։
Ավելի վաղ ՍԱՆԱ գործակալությունը հայտնում էր, որ Իսրայելը հարվածներ է հասցրել Էլ Քունեյթրա նահանգի հարավային շրջաններին։ Աղբյուրի ունեցած տեղեկությունների համաձայն՝ իսրայելական տանկերի թիրախը եղել է 1973 թ․ արաբաիսրայելական պատերազմի ժամանակ ավերված հիվանդանոցի շենքը։
Բացի այդ, գնդակոծության հետևանքով ոչնչացվել է Ջաբաթա Էլ Հաշեբ բնակավայրում գտնվող մի դիտակետ։ Հարվածներ են հասցվել նաև Թելլ Դարիա բանակավայրին։