ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցները սահմանվում են ԱՄՆ-ի ճնշման ներքո․ Լավրով
Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի հետ կապված ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցները սահմանվում են ԱՄՆ-ի ուժեղ ճնշման ներքո։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք բազմիցս ասել ենք, որ պատժամիջոցները չենք քննարկում ոչ ոքի հետ։ Մենք ցանկանում ենք զարգացնել մեր տնտեսությունը և առևտուրը արտասահմանյան մեր գործընկերների հետ այնպես, որ դա կախված չլինի ոմանց քմահաճույքներից, տվյալ պարագայում նրանց, ովքեր չպահեցին իրենց խոսքը և չստիպեցին ընդդիմությանը կատարել Վիկտոր Յանուկովիչի հետ ունեցած պայմանավորվածությունը։ Մենք գործ ունենք մարդկանց հետ, որոնք պատժամիջոցներ սահմանեցին ղրիմցիների կամարտահայտման պատճառով», - հայտարարել է Լավրովը։
«Մենք գիտենք, որ այս պատժամիջոցները սահմանվում են ԱՄՆ-ի հզոր ճնշման ներքո, ինչը ևս մեկ անգամ խոսում է Եվրամիության ինքնուրույնության բացակայության մասին։ Ցավալի է, սակայն մենք շարունակում ենք բաց լինել երկխոսության համար», - շարունակել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Ավելի վաղ Sky News հեռուստաալիքը տեղեկացրել էր, որ Եվրոպական Միությունը և Միացյալ Նահանգները մշակում են հակառուսական նոր պատժամիջոցներ՝ կապված Կերչի նեղուցում ուկրաինական նավերի հետ տեղի ունեցած միջադեպի հետ։
Բրիտանական Financial Times-ն, իր հերթին, գրել է, որ պատժամիջոցների հարցը քննարկվելու է փետրվարի 18-ին կայանալիք ԵՄ նախարարական ժողովի ժամանակ։