Եվրամիությունը համաձայնեցրել է Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի հետ կապված պատժամիջոցների ցանկը
Եվրոպական Միությունը համաձայնեցրել է 8 մարդու նկատմամբ պատժամիջոցները Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի հետ կապված։ Այս մասին տեղեկացնում է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով ԵՄ անդամ պետությունների դեսպանների հանդիպմանը մասնակցած աղբյուրին։
Աղբյուրը չի նշում այն անձանց անունները, որոնց նկատմամբ սահմանվել են պատժամիջոցները։ Սահմանափակող միջոցների մասին կարող է հայտարարվել փետրվարի 18-ին Բրյուսելում ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ։
Հատկանշական է, որ սահմանափակումների ցանկում հայտնված անձանց անունները կարող են նաև չհրապարակվել այդ հանդիպման ընթացքում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ուկրաինական երեք ռազմանավեր մտել էին Կերչի նեղուց, որտեղ ռուս սահմանապահները կալանել էին դրանք և կրակ բացել նավերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել էր ուկրաինացի 3 զինծառայող։ Հարուցվել է քրեական գործ Ռուսաստանի պետական սահմանները խախտելու հատկանիշներով։
Գործով ձերբակալվել է Ուկրաինայի 24 քաղաքացի, որոնք կարող են դատապարտվել մինչև 6 տարվա ազատազրկման։
Ուկրաինան և Արևմուտքի երկրներն այս միջադեպը փորձում են օգտագործել որպես Մոսկվայի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու պատրվակ։