Կիմ Չեն Ընը կարող է Թրամփի հետ հանդիպումից հետո այցելել Չինաստան
ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը կարող է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ գագաթնաժողովից հետո այցելել Չինաստան։ Այս մասին տեղեկացրել է Yonhap գործակալությունը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։
Լրատվականի զրուցակցի խոսքով՝ ԱՄՆ-ԿԺԴՀ երկրորդ գագաթնաժողովից անմիջապես հետո Ընը կմեկնի Չինաստան։
«Այս պահին մեծ հավանականություն կա, որ Կիմ Չեն Ընը հաջորդ ամիս կայցելի Պեկին», - նշում է աղբյուրը։
Նշենք, որ Կիմ Չեն Ընի և Դոնալդ Թրամփի հանդիպումը տեղի է ունենալու փետրվարի 27-28-ին Վիետնամի մայրաքաղաք Հանոյում։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունիսի 12-ին Սինգապուրում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Կիմ Չեն Ընը և Դոնալդ Թրամփը պայմանավորվել էին, որ ԿԺԴՀ-ը դադարեցնելու է միջուկային և հրթիռային փորձարկումները երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման դիմաց։