Իրանի և ԱՄՆ-ի հարաբերություններում առկա լարվածությունը հասել է գագաթնակետին․ Ռոհանի
Վաշինգտոնի և Թեհրանի հարաբերություններում առկա լարվածությունը հասել է չափազանց բարձր մակարդակի։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։
«Այսօր ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը հասել է գագաթնակետին։ Այլ խոսքով՝ Վաշինգտոնը փորձում է առավելագույն ճնշում գործադրել Իրանի ժողովրդի նկատմամբ, որն էլ իր հերթին լավագույն կերպով ցույց է տալիս իր կամքի ուժը և հավատը», - ասել է Ռոհանին՝ հավելելով, որ բացարձակապես չի կասկածում իրանցի ժողովրդի վերջնական հաղթանակին։
Նրա խոսքով՝ Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի առաջնորդները չափազանց կառուցողական և ազդեցիկ գագաթնաժողով ունեցան Սոչիում ի պատասխան դրանից առաջ «Վարշավայում տեղի ունեցած ցուցադրական հավաքին»։
«Սա խոսում է Միացյալ Նահանգների տարածաշրջանային հերթական պարտության մասին», - ասել է Ռոհանին։
Հիշեցնենք, որ փետրվարի 13-14-ին Վարշավայում տեղի է ունեցել Միացյալ Նահանգների և Լեհաստանի կողմից կազմակերպված նախարարական համաժողով, որը նվիրված էր Մերձավոր Արևելքին։ Ամերիկյան վարչակազմի տվյալներով՝ այդ հանդիպման նպատակն էր մշակել մի մեխանիզմ, որը կօգնի կայունացնել իրավիճակը տարածաշրջանում և թուլացնել Իրանի ազդեցությունը, որն, ըստ ԱՄՆ պետքարտուղարության, «ապակայունացնում է իրավիճակն այնտեղ»։ Իրանը հրավիրված չի եղել այդ համաժողովին, իսկ Ռուսաստանը հրաժարվել է մասնակցել։
Փետրվարի 14-ին Սոչիում անցկացվել է եռակողմ գագաթնաժողով Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարների մասնակցությամբ։ Այն նվիրված է եղել Սիրիայի հակամարտության կարգավորմանը։ Հանդիպման գլխավոր հարցերի թվում էին սիրիական սահմանադրական հանձնաժողովի ստեղծումը, Իդլիբում և հյուսիս-արևելյան քրդաբնակ շրջաններում տիրող իրավիճակը, ինչպես նաև Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման հարցը։